Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Փետրուարի 12-ի Հ.Հ.-ի կառավարութեան նիստում որոշում ընդունուեց՝ դեկտեմբերի 9-ը Հայաստանում նշել որպէս աշխարհի բոլոր ցեղասպանութիւնների յիշատակի օր:

Նիստում Հ.Հ.-ի Ա.Գ.-ի փոխնախարար Շաւարշ Քոչարեանը նշեց, որ կառավարութիւնը սկզբունքային առարկութիւններ չունի «Հայաստանի հանրապետութեան տօների եւ յիշատակի օրերի մասին, Հ.Հ.-ի օրէնքում փոփոխութիւն եւ լրացում կատարելու մասին» Հ.Հ.-ի օրէնքի նախագծի վերաբերեալ: Փոխնախարարն ընդգծեց, որ նախագծով Հայոց ցեղասպանութեան յիշատակի օր է ամրագրւում ապրիլի 24-ը:

Նախագծի ընդունումը պայմանաւորուած է դեկտեմբերի 9-ը որպէս աշխարհի բոլոր ցեղասպանութիւնների դատապարտման եւ յիշատակման օր սահմանելու անհրաժեշտութեամբ, ելնելով այն հանգամանքից, որ «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնուենցիան» Մ.Ա.Կ.-ի գլխաւոր ասամբլէայի կողմից ընդունուել է 1948 թուականի դեկտեմբերի 9-ին:

«Այս կարեւորագոյն փաստաթղթում տրուած է ցեղասպանութեան, որպէս մարդկութեան դէմ կատարուող միջազգային յանցագործութեան, ծաւալուն սահմանումը: Կոնուենցիայում խօսւում է նաեւ ցեղասպանութեան հրահրման կամ գործադրման համար մեղաւորի՝ լինի դա պետութիւն, առանձին պաշտօնեայ կամ անձ, պատասխանատուութեան մասին, որի դատապարտումը չի կորցնում իր հրատապութիւնը եւ պայքարը այդ չարիքի դէմ: Նախագծով յստակեցւում է նաեւ Հայոց ցեղասպանութեան յիշատակի օրուայ անուանումը»,- նշուած է հիմնաւորման մէջ: